Просмотры страницы за последний месяц

вторник, 19 февраля 2013 г.

Ախթալա համայնքի ընդհանուր պատմություն


Ախթալան քաղաքակրթության սկզբնավորման կենտրոններից է: Այդ են վկայում Ախթալայում եւ շրջակայքում հայտնաբերված բազում ժայռապատկերները, նախնադարյան քաղաքակրթության այլ վկայություններ:
Բնակավայրը տեղակայված է Լոռու հրաշագեղ բնության գրկում, Վիրահայոց լեռնաշղթայի փեշերին, դեբեդի ձախ, բարձրադիր ափին:
Ախթալա քաղաքային համայնքի բնակչությունը 3400.0 է, Ալավերդի քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Ախթալա քաղաքը եւ Ախթալայի Առողջարանին կից գյուղը, որը Ախթալա քաղաքից գտնվում է 3 կմ հեռավորության վրա: Ախթալան մինչեւ 1995թվականը եղել է քաղաքատիպ ավան, իսկ վարչատարածքային ռեֆորմից հետո դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Ախթալա գյուղը մտել է Թիֆլիսի նահանգի Բորջալուի գավառի Լոռու տեղամասում, 1939թվականից այն դարձել է քաղաքատիպ ավան: Նախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները: Պղնձահանք անվանումը կապված է 1763թվականին վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ, որը Գյումուխանեից բերել է հույն հանքագործներ, որոնք կառուցել են Ախթալայի արծաթի եւ պղնձի գործարանը եւ բնակավայրին տվել Պղնձահանք անվանումը: Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք:
Քաղաքը կազմված է մի քանի թաղամասերից: Բուն թաղամասը նախկին Ներքին Ախթալա գյուղն է, իսկ նոր թաղամասը տեղադրված է Շամլուղ գետի բարձրադիր ափին:
Համայնքի կլիման մեղմ է մերձարեւադարձային, մարդկային գործունեության համար նպաստավոր, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Մասնավորոպես, Ախթալայի անտառները հարուստ են մրգերով, հատապտուղներով, սննդի համար պիտանի բույսերով: Բնական լանդշաֆտները լեռնանտառներ են: Շրջակայքում կան պղնձի, կապարի, արծաթի հանքավայրեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն եւ շահագործվում են:
1970թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ: Համայնքում կան 2 հանրակրթական դպրոց, երեք մանկապարտեզներ, մեկ մանկական արվեստի դպրոց, մարզադաշտ, խաղահրապարակ, առողջության կենտրոն, կապի հանգույց:
Քաղաքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է: Գլխավոր ձեռնարկությունը լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որտեղ իրականացվում է բազմամետաղների հանքահարստացում:
Այսօր Ախթալան լինելով մի քանի հազար բնակչությամբ ոչ մեծ մի քաղաք, նշանավոր է իր պատմաճարտարապետական ու հնագիտական հուշարձաններով, պղնձահանքերով, հիասքանչ ու առողջարար բնությամբ եւ, վերջապես շրջակա այլ հուշակոթողներով, որոնք այստեղ այցելողների տպավորությունները կդարձնեն բազմազան եւ անջնջելի:

Комментариев нет:

Отправить комментарий