Ախթալայի հուշարձանախումբը
Հայաստանի միջնադարյան մշակույթում առանձնահատուկ տեղ ունի: Այն հայկական մշակույթի
մի յուրօրինակ բաղադրիչի` հայ քաղկեդոնական ճարտարապետության ու կերպարվեստի արժեքավոր
նմուշներից է:
Ախթալան գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու
մարզում, պատմական Հայաստանի Գուգարք նահանգի անտառախիտ ու լեռնային տեղանքում: Բնությունն
այստեղ առանձնակի հմայք ունի: Թավ անտառները լերկ ու բարձրաբերձ ժայռերը, լեռնային
արագահոս գետերն ու գետակները թույլ են տալիս զգալ վայրի բնության գրավչությունն իր
հակասական ներդաշնակության մեջ: Վեր խոյացող մի ժայռեղեն հրվանդանի վրա է կառուցված
Ախթալայի միջնադարյան ամրոցն ու Սբ. Աստվածածին վանքը:
Այս տարածաշրջանում
մարդը բնակություն է հաստատել շատ վաղ ժամանակներից: Հայտնաբերվել են Ք.ա. lll-l հազարամյակի
հուշարձաններ: Ախթալայի մերձակա տարածքներից հատկապես հայտնի են ֆրանսիացի հնագետ Ժակ
Դը Մորգանի հայտնաբերած Ք.ա. Vlll-Vl դդ. թվագրվող քարկղային թաղումներով դամբարանները,
կավից, բրոնզից ու երկաթից պատրաստված մշակութային արժեքավոր առարկաները:
Գուգարաց աշխարհը կամ
Գուգարքը վարչականորեն մասն են կազմել Արարատյան (Ք.ա. lX-Vl դդ.), Երվանդունի (Ք.ա.
Vl-ll դդ.), Արտաշեսյան (Ք.ա. ll- Ք.հ l դդ.) եւ Արշակունի (52-428 թթ.) հայկական թագավորությունների:
Արտաշեսյանների օրոք այն դարձավ նորահաստատ չորս սահմանապահ կողմնակալություններից`
բդեշխություններց մեկը: 387 թվականի Հայաստանի առաջին բաժանմամբ նահանգը, բացի Տաշիրք
գավառից, անցնում է Վիրքին, իսկ 652 թվականին հայ-արաբական պայմանագրով նորից վերադարձվում
Հայաստանին: lX դ. հայաստանում անկախ պետականության վերականգնումից հետո Գուգարքը նորից
ստանում է հյուսիսային սահմանապահ նագանգի կարգավիճակ:
Որոշ պատմական աղբյուրների
վկայությամբ V դարում բնակավայրը կոչվել էԱգարակ: Xll-Xlll դդ. ինչպես առձանագրություններում,
այնպեսել ձեռագիր մատյաններում այն հիշատակվում է Պղնձահանք անվանումով: Դրա պատճառն, անշուշտ, շրջակայքի
պղնձով հարուստ հանքավայրերն են: Ներկայիս Ախթալա անվանումն առաջին անգամ հանդիպում
է 1438 թվականին թվագրվող մի թագավորական հրովարտակում: Գոյություն ունի այս տեղանվան
առաջացման մի քանի ստուգաբանություն: Ըստ դրանցից մեկի դրա հիմքում ընկած է աղ թալա`սպիտակ բացատ նշանակող թուրքերեն արտահայտությունը:
Ախթալայի պատմաճարտարապետական
հուշարձանախումբը ներառում է միջնադարյան ամրոցը եւ Սբ. Աստվածածին վանքը: Տարածված
կարծիքի համաձայն ամրոցի հիմնադրումը կապվում է Բագրատունի իշխանատոհմի կողմից Հայաստանի
անկախության վերականգնման հետ: Այս շրջանում կառուցվում եւ վերակառուցվում են մի շարք
ամրոցներ, բերդեր, վանքեր ու եկեղեցիներ: Շինարարական բուռն վերելք է դիտվում նաեւ
Հայոց Բագրատունիներին պատկանող Տաշիրքում: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը X դարում
հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները:
Ախթալայի ամրոցը Հայաստանի
տարածքում համեմատաբար լավ պահպահնածներից է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության
առանցքային տարրերից մեկը` կառույցի եւ բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի
կիրառումը: Այն չափազանց տեսարժան եւ տպավորիչ տեսք ունի: Ամրոցը, երեք կողմից կողմից
շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, ունի բնական պաշտպանվածություն: Ժայռերի
համեմատաբար անցանելի տեղերն ամրացված են աշտարակավոր բերդապարիսպներով: Ամրոցի գլխավոր
մուտքը հյուսիսային կողմից է: Այն ամրացված է զանգվածեղ բերդապարիսպներով եւ աշտարակներով:
Մուտքն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել
պահակային եւ պաշտպանական նշանակության սենյակներ: Հատկապես տպավորիչ է մունքի արեւելյան
կողմի հզոր աշտարակը: Այս աշտարակը կազմված է հինգ հարկից, որոնցից յուրաքանչյուրի
բարձրությունը ներքեւից վերեւ աստիճանաբար պակասել է: Առաջին հարկը գետնափոր է, մնացած
չորս հարկերը ներքուստ կամարակապ են: Ամրոցի բերդապարիսպները եւ աշտարակները շարված
են կապտավուն, կոպտատաշ բազալտից` շաղախված կրաբետոնով:
Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ,
հրաշալի պահպանված որմնանկարներով, եւ միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի
հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները
կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց
գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ
հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին
պատարագից, եւ քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:
Ախթալա վանական համալիրի
գլխավոր կառույցը Սբ. Աստվածածաին եկեղեցին է: Այն որոշ հետազոտողների կարծիքով կառուցել
է Իվանե Զաքարյանը: Ոմանք էլ գտնում են, որ այն կառուցված է եղել մինչեւ Իվանեին վանքն
անցնելը, իսկ նա պարզապես հիմնովին վերակառուցել է եկեղեցին: Եկեղեցու շինարարության
թվագրումը պարզելուն առաջիններին կողմնորոշում է Իվանե Զաքարյանի մահվան թվականը: Հստակ
է, որ եկեղեցին կառուցված է եղել մինչեւ նրա մահը` 1227 թվականը: Կիրակոս Գանձակեցու
հիշատակությամբ Իվանեն մահանալուց հետո թաղվում է Պղնձահանքում իր շինած եկեղեցու դիմաց:
Իսկ հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Պղնձահանքին վերաբերող մի վկայությունից ելնելով
էլ ենթադրվում է, որ 1216 թվականին Աստվածածաին եկեղեցին արդեն կառուցված է եղել: Այդ
կարծիքի համար նպաստավոր է նաեւ եկեղեցու որմնանկարները հետազոտողների այն եզրակացությունը,ըստ
որի դրանք հիմնականում արվել են 1205-1216 թվականների ընթացքում: Ախթալայի վանական
հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն
է, այլեւ միաժամանակ “ջերմաչափ”, որը ցույց էր տալիս պատմական եւ մշակութային իրավիճակը
Հայաստանում:
Բացի Սբ. Աստվածածաին
եկեղեցուց, Xlll դարում Ախթալայի վանքում կառուցվել են նաեւ այլ շինություններ: Դրանցից
առավել գեղազարդը Սբ. Աստվածածաին եկեղեցու արեւմտյան պատին կից ուղղանկյուն հատակագծով
կառույցն է: Սրան կից, նույն ճակատի մնացած մասում կառուցվել է երկկամար, հյուսիսային
կողմից միակամար բացվածքներով, զույգ երկթեք տանիքներով ծածկված սրահը: Գլխավոր աղբյուրների
վկայությամբ, Իվանե Զաքարյանը եւ նրա որդին Ավագը թաղված են այստեղ:Մեկ այլ միաթեք
ծածկով փոքրիկ կառույց էլ կից է եկեղեցու հյուսիսային պատին: Կարծիք կա, որ այն եկեղեցական
արարողությունների համար անհրաժեշտ օժանդակ շինություն է եղել:
Վանքի հյուսիս-արեւմտյան
կողմում, մյուս շինություններից առանձին կանգնած է նաեւ երկթեք ծածկով մի եկեղեցի,
որը, դատելով արեւմտյան ճակատին պահպանված հետքերից ու դիմացի հիմքերի մնացորդներից,
ունեցել է նաեւ կից կառույց::
Ախթալայում եւ նրա շրջակայքում կան հիմնականում
Xlll դարում կառուցված այլ պատմաճարտարապետական հուշարձաններ: Դրանցից հիշատակելի են
հատկապես Սբ. Երրորդություն վանքը, Զույգ եկեղեցիները, Սբ. Գեւորգ եկեղեցին, մատուռներ,
խաչքարեր եւ ամրոցատիպ շինությունների մնացորդներ:
Ախթալայի վանական համալիրն
իր ճարտարապետությամբ, գեղատեսիլ բնապատկերներով եւ առեղծվածային լեգենդներով ոգեշնչել
է հայ կինեմոտոգրաֆիայի “Պազոլինիին”` Սերգեյ Փարաջանովին, ով հենց այստեղ է նկարահանել
“Նռան գույնի” որոշ տեսարաններ:
Այստեղ է որոշ ժամանակ
պահպանվել Աստվածընկալ Սուրբ Խաչը, որով, ըստ ավանդության, Հովհաննես Մկրտիչը մկրտել
է Հիսուս Քրիստոսին:
Հույներն անվանում են
վանքը “Մերամանի”, իսկ հույն հանքափորներն այստեղի պատերին արձանագրություններ են թողել:
Սեպտեմբերի 20-ից 21-ը հայերը, հույներն ու վրացիները ուխտագնացության են գալիս այստեղ:
Այսպիսով, Ախթալայի վանքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ հայ ժողովուրդը կերտել է
այնպիսի արժեքներ, որոնք դուրս են ազգայինի սահմաններից: Ախթալան` իր ճարտարապետությամբ,
քանդակներով եւ որմնանկարներով հայ արվեստի ամենավառ դրսեւորումներից է: