Просмотры страницы за последний месяц

вторник, 19 февраля 2013 г.

Ախթալայի ամրոցը եւ Սբ. Աստվածածին վանքը


Ախթալայի հուշարձանախումբը Հայաստանի միջնադարյան մշակույթում առանձնահատուկ տեղ ունի: Այն հայկական մշակույթի մի յուրօրինակ բաղադրիչի` հայ քաղկեդոնական ճարտարապետության ու կերպարվեստի արժեքավոր նմուշներից է:
Ախթալան գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, պատմական Հայաստանի Գուգարք նահանգի անտառախիտ ու լեռնային տեղանքում: Բնությունն այստեղ առանձնակի հմայք ունի: Թավ անտառները լերկ ու բարձրաբերձ ժայռերը, լեռնային արագահոս գետերն ու գետակները թույլ են տալիս զգալ վայրի բնության գրավչությունն իր հակասական ներդաշնակության մեջ: Վեր խոյացող մի ժայռեղեն հրվանդանի վրա է կառուցված Ախթալայի միջնադարյան ամրոցն ու Սբ. Աստվածածին վանքը:
Այս տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել շատ վաղ ժամանակներից: Հայտնաբերվել են Ք.ա. lll-l հազարամյակի հուշարձաններ: Ախթալայի մերձակա տարածքներից հատկապես հայտնի են ֆրանսիացի հնագետ Ժակ Դը Մորգանի հայտնաբերած Ք.ա. Vlll-Vl դդ. թվագրվող քարկղային թաղումներով դամբարանները, կավից, բրոնզից ու երկաթից պատրաստված մշակութային արժեքավոր առարկաները:
Գուգարաց աշխարհը կամ Գուգարքը վարչականորեն մասն են կազմել Արարատյան (Ք.ա. lX-Vl դդ.), Երվանդունի (Ք.ա. Vl-ll դդ.), Արտաշեսյան (Ք.ա. ll- Ք.հ l դդ.) եւ Արշակունի (52-428 թթ.) հայկական թագավորությունների: Արտաշեսյանների օրոք այն դարձավ նորահաստատ չորս սահմանապահ կողմնակալություններից` բդեշխություններց մեկը: 387 թվականի Հայաստանի առաջին բաժանմամբ նահանգը, բացի Տաշիրք գավառից, անցնում է Վիրքին, իսկ 652 թվականին հայ-արաբական պայմանագրով նորից վերադարձվում Հայաստանին: lX դ. հայաստանում անկախ պետականության վերականգնումից հետո Գուգարքը նորից ստանում է հյուսիսային սահմանապահ նագանգի կարգավիճակ:
Որոշ պատմական աղբյուրների վկայությամբ V դարում բնակավայրը կոչվել էԱգարակ: Xll-Xlll դդ. ինչպես առձանագրություններում, այնպեսել ձեռագիր մատյաններում այն հիշատակվում է Պղնձահանք անվանումով: Դրա պատճառն, անշուշտ, շրջակայքի պղնձով հարուստ հանքավայրերն են: Ներկայիս Ախթալա անվանումն առաջին անգամ հանդիպում է 1438 թվականին թվագրվող մի թագավորական հրովարտակում: Գոյություն ունի այս տեղանվան առաջացման մի քանի ստուգաբանություն: Ըստ դրանցից մեկի դրա հիմքում ընկած է աղ թալա`սպիտակ բացատ նշանակող թուրքերեն արտահայտությունը:
Ախթալայի պատմաճարտարապետական հուշարձանախումբը ներառում է միջնադարյան ամրոցը եւ Սբ. Աստվածածին վանքը: Տարածված կարծիքի համաձայն ամրոցի հիմնադրումը կապվում է Բագրատունի իշխանատոհմի կողմից Հայաստանի անկախության վերականգնման հետ: Այս շրջանում կառուցվում եւ վերակառուցվում են մի շարք ամրոցներ, բերդեր, վանքեր ու եկեղեցիներ: Շինարարական բուռն վերելք է դիտվում նաեւ Հայոց Բագրատունիներին պատկանող Տաշիրքում: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը X դարում հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները:
Ախթալայի ամրոցը Հայաստանի տարածքում համեմատաբար լավ պահպահնածներից է, որին բնորոշ է հայկական ճարտարապետության առանցքային տարրերից մեկը` կառույցի եւ բնական միջավայրի ներդաշնակության սկզբունքի կիրառումը: Այն չափազանց տեսարժան եւ տպավորիչ տեսք ունի: Ամրոցը, երեք կողմից կողմից շրջապատված լինելով ուղղաձիգ ժայռեղեն ձորերով, ունի բնական պաշտպանվածություն: Ժայռերի համեմատաբար անցանելի տեղերն ամրացված են աշտարակավոր բերդապարիսպներով: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Այն ամրացված է զանգվածեղ բերդապարիսպներով եւ աշտարակներով: Մուտքն ունի հյուսիսից հարավ ձգվող թաղակապ սրահ, որի վերնամասում կառուցված են եղել պահակային եւ պաշտպանական նշանակության սենյակներ: Հատկապես տպավորիչ է մունքի արեւելյան կողմի հզոր աշտարակը: Այս աշտարակը կազմված է հինգ հարկից, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը ներքեւից վերեւ աստիճանաբար պակասել է: Առաջին հարկը գետնափոր է, մնացած չորս հարկերը ներքուստ կամարակապ են: Ամրոցի բերդապարիսպները եւ աշտարակները շարված են կապտավուն, կոպտատաշ բազալտից` շաղախված կրաբետոնով:
Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, եւ միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, եւ քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:
Ախթալա վանական համալիրի գլխավոր կառույցը Սբ. Աստվածածաին եկեղեցին է: Այն որոշ հետազոտողների կարծիքով կառուցել է Իվանե Զաքարյանը: Ոմանք էլ գտնում են, որ այն կառուցված է եղել մինչեւ Իվանեին վանքն անցնելը, իսկ նա պարզապես հիմնովին վերակառուցել է եկեղեցին: Եկեղեցու շինարարության թվագրումը պարզելուն առաջիններին կողմնորոշում է Իվանե Զաքարյանի մահվան թվականը: Հստակ է, որ եկեղեցին կառուցված է եղել մինչեւ նրա մահը` 1227 թվականը: Կիրակոս Գանձակեցու հիշատակությամբ Իվանեն մահանալուց հետո թաղվում է Պղնձահանքում իր շինած եկեղեցու դիմաց: Իսկ հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի Պղնձահանքին վերաբերող մի վկայությունից ելնելով էլ ենթադրվում է, որ 1216 թվականին Աստվածածաին եկեղեցին արդեն կառուցված է եղել: Այդ կարծիքի համար նպաստավոր է նաեւ եկեղեցու որմնանկարները հետազոտողների այն եզրակացությունը,ըստ որի դրանք հիմնականում արվել են 1205-1216 թվականների ընթացքում: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն է, այլեւ միաժամանակ “ջերմաչափ”, որը ցույց էր տալիս պատմական եւ մշակութային իրավիճակը Հայաստանում:
Բացի Սբ. Աստվածածաին եկեղեցուց, Xlll դարում Ախթալայի վանքում կառուցվել են նաեւ այլ շինություններ: Դրանցից առավել գեղազարդը Սբ. Աստվածածաին եկեղեցու արեւմտյան պատին կից ուղղանկյուն հատակագծով կառույցն է: Սրան կից, նույն ճակատի մնացած մասում կառուցվել է երկկամար, հյուսիսային կողմից միակամար բացվածքներով, զույգ երկթեք տանիքներով ծածկված սրահը: Գլխավոր աղբյուրների վկայությամբ, Իվանե Զաքարյանը եւ նրա որդին Ավագը թաղված են այստեղ:Մեկ այլ միաթեք ծածկով փոքրիկ կառույց էլ կից է եկեղեցու հյուսիսային պատին: Կարծիք կա, որ այն եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ օժանդակ շինություն է եղել:
Վանքի հյուսիս-արեւմտյան կողմում, մյուս շինություններից առանձին կանգնած է նաեւ երկթեք ծածկով մի եկեղեցի, որը, դատելով արեւմտյան ճակատին պահպանված հետքերից ու դիմացի հիմքերի մնացորդներից, ունեցել է նաեւ կից կառույց::
Ախթալայում եւ նրա շրջակայքում կան հիմնականում Xlll դարում կառուցված այլ պատմաճարտարապետական հուշարձաններ: Դրանցից հիշատակելի են հատկապես Սբ. Երրորդություն վանքը, Զույգ եկեղեցիները, Սբ. Գեւորգ եկեղեցին, մատուռներ, խաչքարեր եւ ամրոցատիպ շինությունների մնացորդներ:
Ախթալայի վանական համալիրն իր ճարտարապետությամբ, գեղատեսիլ բնապատկերներով եւ առեղծվածային լեգենդներով ոգեշնչել է հայ կինեմոտոգրաֆիայի “Պազոլինիին”` Սերգեյ Փարաջանովին, ով հենց այստեղ է նկարահանել “Նռան գույնի” որոշ տեսարաններ:
Այստեղ է որոշ ժամանակ պահպանվել Աստվածընկալ Սուրբ Խաչը, որով, ըստ ավանդության, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին:
Հույներն անվանում են վանքը “Մերամանի”, իսկ հույն հանքափորներն այստեղի պատերին արձանագրություններ են թողել: Սեպտեմբերի 20-ից 21-ը հայերը, հույներն ու վրացիները ուխտագնացության են գալիս այստեղ: Այսպիսով, Ախթալայի վանքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ հայ ժողովուրդը կերտել է այնպիսի արժեքներ, որոնք դուրս են ազգայինի սահմաններից: Ախթալան` իր ճարտարապետությամբ, քանդակներով եւ որմնանկարներով հայ արվեստի ամենավառ դրսեւորումներից է:

Ախթալա համայնքի ընդհանուր պատմություն


Ախթալան քաղաքակրթության սկզբնավորման կենտրոններից է: Այդ են վկայում Ախթալայում եւ շրջակայքում հայտնաբերված բազում ժայռապատկերները, նախնադարյան քաղաքակրթության այլ վկայություններ:
Բնակավայրը տեղակայված է Լոռու հրաշագեղ բնության գրկում, Վիրահայոց լեռնաշղթայի փեշերին, դեբեդի ձախ, բարձրադիր ափին:
Ախթալա քաղաքային համայնքի բնակչությունը 3400.0 է, Ալավերդի քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Ախթալա քաղաքը եւ Ախթալայի Առողջարանին կից գյուղը, որը Ախթալա քաղաքից գտնվում է 3 կմ հեռավորության վրա: Ախթալան մինչեւ 1995թվականը եղել է քաղաքատիպ ավան, իսկ վարչատարածքային ռեֆորմից հետո դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Ախթալա գյուղը մտել է Թիֆլիսի նահանգի Բորջալուի գավառի Լոռու տեղամասում, 1939թվականից այն դարձել է քաղաքատիպ ավան: Նախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները: Պղնձահանք անվանումը կապված է 1763թվականին վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ, որը Գյումուխանեից բերել է հույն հանքագործներ, որոնք կառուցել են Ախթալայի արծաթի եւ պղնձի գործարանը եւ բնակավայրին տվել Պղնձահանք անվանումը: Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք:
Քաղաքը կազմված է մի քանի թաղամասերից: Բուն թաղամասը նախկին Ներքին Ախթալա գյուղն է, իսկ նոր թաղամասը տեղադրված է Շամլուղ գետի բարձրադիր ափին:
Համայնքի կլիման մեղմ է մերձարեւադարձային, մարդկային գործունեության համար նպաստավոր, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Մասնավորոպես, Ախթալայի անտառները հարուստ են մրգերով, հատապտուղներով, սննդի համար պիտանի բույսերով: Բնական լանդշաֆտները լեռնանտառներ են: Շրջակայքում կան պղնձի, կապարի, արծաթի հանքավայրեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն եւ շահագործվում են:
1970թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ: Համայնքում կան 2 հանրակրթական դպրոց, երեք մանկապարտեզներ, մեկ մանկական արվեստի դպրոց, մարզադաշտ, խաղահրապարակ, առողջության կենտրոն, կապի հանգույց:
Քաղաքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է: Գլխավոր ձեռնարկությունը լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որտեղ իրականացվում է բազմամետաղների հանքահարստացում:
Այսօր Ախթալան լինելով մի քանի հազար բնակչությամբ ոչ մեծ մի քաղաք, նշանավոր է իր պատմաճարտարապետական ու հնագիտական հուշարձաններով, պղնձահանքերով, հիասքանչ ու առողջարար բնությամբ եւ, վերջապես շրջակա այլ հուշակոթողներով, որոնք այստեղ այցելողների տպավորությունները կդարձնեն բազմազան եւ անջնջելի: